Զաբել թագուհին։

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում: Ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի՝ Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը, պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն Լևոն 2-րդը, բարեբախտաբար, զրկում է գահից և գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն Ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:

Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:

Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

Կիլիկիայի թագավորության միջազգային դիրքերն ամրապնդելու նպատակով Լևոն Բ-ն դիմեց ժամանակին տարածված միջդինաստիական ամուսնություններին: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր երկամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` ութնամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի միջև պայմանագիրը մնում է թղթի վրա:

Լևոնն իր առջև նպատակ էր դրել ոչ միայն ամրապնդել Կիլիկիայի թագավորության դիրքերը, այլև ուզում էր իր տերությանը կցել հարևան Անտիոքի դքսությունը: Այդ նպատակով նա Անտիոքի դքսության գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին նշանեց իր մանկահասակ դստեր` Զապելի հետ և Ռուբեն-Ռայմոնդին հռչակեց հայոց գահի ժառանգորդ: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը թուլակամ և վախկոտ մարդ էր, և իր կյանքի մայրամուտին հայոց արքան լուծարեց նրա պսակը Զապելի հետ, Ռուբեն-Ռայմոնդին զրկեց ժառանգության իրավունքից, բանտարկեց և հայոց գահի ժառանգորդ նշանակեց Զապելին:

1219 թ. մայիսի 2-ին մահանում է Կիլիկիո ահեղ տիրակալը, և նույն օրն իսկ մանկահասակ Զապելը հռչակվում է հայոց թագուհի:

Զապելը, ով ծնվել է 1215 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում, փաստորեն, արդեն չորս տարեկանում հասցրել էր երկու անգամ ամուսնանալ և ամուսնալուծվել:

Լևոն Բ-ի մահից առաջ Զապել թագուհու հովանավոր և խնամակալ էր նշանակել Կիլիկիայի հայկական թագավորության ամենաազդեցիկ իշխանին` պայլ Կոստանդին Հեթումյանին: Սակայն գահակալման հարցը Կիլիկիայում բաց է մնում, և հայոց իշխանները Կոստանդին պայլի գլխավորությամբ 1222 թ. Զապելին ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմուդի 17-ամյա որդու` Ֆիլիպի հետ, որը մորական կողմից հայ էր և Ռուբինյան: Ֆիլիպը հռչակվում է հայոց թագավոր: Սրանով Կոստանդին պայլը շարունակում է Լևոն Բ Մեծագործի քաղաքականությունը, այն է` Կիլիկիայի հայոց թագավորությանը կցել Անտիոքի դքսությունը:

Թվում է` ամեն ինչ ընթանում է բնական հունով, սակայն Ֆիլիպը այդպես էլ չկարողացավ մերվել հայ ազնվականության հետ: Նա իր հետ հայոց արքունիք բերեց օտար, լատինական սովորություններ: Նա չէր հարմարվում հայկական բարքերին, քամահրանքով էր վերաբերվում հայոց ազնվականությանը, իշխաններին: Անգամ  փորձեց արգելել հայերենը հայոց արքունիքում: Մի խոսքով, Կոստանդին պայլը և հայոց իշխանները սխալվեցին իրենց հաշվարկներում: 1224 թ. Ֆիլիպ թագավորը գահընկեց արվեց հայոց ավագանու կողմից, բանտարկվեց և քիչ անց սպանվեց բանտում: Գահակալության հարցը Կիլիկիայի հայոց թագավորության մեջ դարձյալ բաց մնաց:

Երկու տարի անց Կոստանդին պայլը, հայոց իշխանների համաձայնությամբ, Զապել թագուհուն ամուսնացնում է իր մանկահասակ որդու (Զապելի հասակակիցն է)` Հեթումի հետ, և 1226 թ. հունիսի 14-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում հայոց Կոստանդին կաթողիկոսը կատարում է Հեթումի և Զապելի պսակի և Հեթումի գահակալման արարողությունը: Ժամանակակիցների հավաստմամբ` Հեթումի և Զապելի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ, առատությամբ: Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Փաստորեն, միայն չորրորդ անգամ Զապելի ամուսնությունը հաջող եղավ: Հեթում Ա-ի երկարատև գահակալությունը վայրիվերումներով լի էր Կիլիկիայի հայկական թագավորության համար: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով  վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:

Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով: Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի  դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:

1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց:

Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սիսում: Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: Թաղման թափորը Կոստանդին կաթողիկոսի առաջնորդությամբ Սսի արքայական պալատից շարժվեց դեպի  Դրազարկի վանք, ուր ամփոփվեց թագուհու աճյունը:

Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ  է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *