Լևոն Շանթ

Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան. 1869, Կ.Պոլիս – 29.11.1951, Բեյրութ), հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ։ Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-1899 թվականներին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899 թվականին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։ Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։

Լևոն Շանթ

Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի:
Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր:

Եթե կուզեք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, եթե կուզեք, որ փրթին ձեր բոլորի շղթաները, ընկճեցե’ք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկուն կուրծքին տակ. Մեռցուցեք ձե’ր միջի բռնակալը:

Սոսկալի անեծք կուտայի իմ դեմ,
Սկզբունքներըս թե երբեք դավեմ:

Կյանքը, բարեկա’մ, օր մըն է միայն, օ’ր մը:

Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով:

Պիտի գա ժամանակ, երբ գալիք քաղաքակրթությունը կռիվն ու ավերումը նախապատմական բաներ պիտի համարե:

1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Անդրկովկաս։ Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնյակ։ 1890–ական թվականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»)։ Դրանցում արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Շանթի արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։ Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909) դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային – ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909), «Կայսր» (1916), «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1921), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, պատմական միջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինակի համար էական խնդիր չեն։ Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալ–հոգեբանական խնդիրներ։

Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թվականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916 թվականին «Հին աստվածներ»–ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»–ում։

Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։

Լևոն Շանթն այն հազվագյուտ ձիրք ունեցող մարդկանցից մեկն է, որի մեծ տաղանդը ազգային հարստություն է, որն այսօր էլ առաջ է մղում մեր արվեստն ու գրականությունը։ Դավիթ Գասպարյան
Հեղինակի անունը ամենքի բերանում, նրա գրքի եղած օրինակները մի օրում սպառած-այս ամենը երևույթներ են, որ չէր տեսած ո՛չ հայ բեմը, ո՛չ հայ գրականությունը։ Նիկոլ Աղբալյան
Միջահասակ էր և հանդարտաբարո։ Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, այդպես էլ ինքը` հագնվում էր խնամքով, ճաշակով։ Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ։ Անգամ այն ժամանակ՝ 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնում, հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ։ Ստեփան Զորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *