Հացի ուժը
Մեծաքանքար բանաստեղծ Ավետիք Իսահակյանը Հայաստանից ոտքը դուրս էր դնում թե չէ, անմիջապես հայրենի բնօրրանի, նրա պաղպաջուն աղբյուրների, քնքշօրոր արտերի ու ցորնաբույր հացի կարոտն էր զգում: Մի անգամ Ժնև քաղաքում բանաստեղծը կարոտից սկսում է արտասվել: Նրան թվում է՝ ուր որ է կարոտից կմեռնի: Հանկարծ մտաբերում է այնտեղ ապրող ֆրանսախոս մի հայուհու, որը վաղուց մոռացել էր թե’ հայերենը, թե’ իր հայ լինելը: Մի տոպրակ ալյուր վերցրած՝ բանաստեղծն աճապարում է տիկնոջ մոտ՝ խնդրանքով, որ հաց թխի: Կինը, որին զարմացնում է բանաստեղծի տարօրինակ թվացող անըմբռնելի ցանկությունը, տեսնելով իրեն ուղղված թախանձող հայացքը, ընկալում է, զիջում ու կատարում նրա կամքը: Երախտագիտությամբ համբուրելով տիկնոջ ձեռքերը՝ բանաստեղծը վերցնում է հացն ու դուրս գալիս: Տունդարձի ճանապարհին նրան թվում էր՝ ինքն արդեն Հայստանում է:
Հասնելով իր օթևանը, որ մի համեստ կացարան էր, բանաստեղծը մեծագույն հաճույքով ըմբոշխնում է հացը, ու նրա հոգին՝ կարոտից տառապյալ ու փոթորկված, դույզն-ինչ խաղաղվում է:
Իմանալով, թե մեծ բանաստեղծն ինչու է իրեն երկու ժամով հացթուխ դարձել, կինն ալեկոծվում է, հուզվում և որոշում հայերեն սովորել:
Անցնում են տարիներ….
Մի օր Երևանի ամբոխաշատ փողոցներից մեկում բանաստեղծը, ի զարմանս իր, հանդիպում է այն կնոջը: Ա՜յ քեզ հրաշք. կինը խոսում էր մաքուր, անբասիր հայերենով: Տեսնելով մեծ վարպետի՝ իր վրա սևեռած հայացքը՝ կինը, կենսաթրթիռ ժպիտը դեմքին, փարվում է նրան ու ասում.
-Սիրելի’ վարպետ, ինձ հայերեն սովորեցրեց այն հացը, որ ես թխեցի այնտեղ՝ Ժնևում:
Ասք լավաշի մասին
Այնպես է պատահում, որ հայոց արքա Արամը, ասորական թագավորի՝ Նոսորի հետ պատերազմելիս գերեվարվում է: Նոսորը, որ զվարճանքների սիրահար էր, առաջարկում է տասը օր քաղցած մնալուց հետո մրցել իր հետ նետաձգության մեջ: Եթե Արամը հաղթեր, մեծամեծ ընծաներով արքայավայել ճանապարհվելու էր իր երկիրը: Հայոց արքան առանց երկբայելու ընդունում է առաջարկը՝ պահանջելով բերել իր գոհարազարդ լանջապանակը:
Հաջորդ օրը՝ ճրագալույցին, բանբերը, սևաթույր նժույգներ հեծած, հասնում են հայ-ասորական սահմանը, ուր հայոց զորաբանակն էր, և հայտնում արքայի կամքը: Հայերն իսկույն կռահում են՝ ինչ է ակնարկում և ինչ ակնկալում իրենց արքան, ուստի բանբերներն հոժարակամ հանձնում են ակնազարդ լանջապանակը՝ մեջը հմտորեն տեղավորելով նրբաթերթ մի հաց՝ լավաշ: Ստանալով զրահը՝ Արամն այն հետ է ուղարկում՝ պատճառաբանելով, թե իր ուզածը չէ: Ինն օր անընդմեջ սուրհանդակները գնում են, գալիս՝ առանց կռահելու, որ իրենց իսկ ձեռքով կերակրում են հայոց արքային:
Նոսորը, որին թվում էր, թե տասնօրյա քաղցից Արամն արդեն ուժասպառ է եղել, հյուծվել, կորցրել սրատեսությունը, ապշում է, երբ հայոց դյուցազունը՝ զվարթերես ու կայտառ, դիպուկ արձակում է նետերը և հաղթում:
Նոսորը պահում է թագավորի՝ բոլորի առջև տված հանդիսավոր իր երդումը և Արամին թանկարժեք ընծաներով ճանապարհում է Հայաստան:
Իսկ Արամը՝ հայերի փառապանց ու հնարամիտ արքան, հայոց հողը մտնելուն պես հրովարտակ է արձակում, որ այդուհետև Հայաստանում միայն նրբաթերթ ու բարակ լավաշներ թխեն:
Հյուրընկալ Անին
Անի մայրաքաղաքի ամենամեծ մայրուղին կոչվում էր «Բուն փողոց»: Այստեղ մի փուռ-կուղպակ կար, ուր գիշերվա բոլոր ժամերին հաց էին վաճառում:
Կոստանդնապոլսից եկած բյուզանդացի մի վաճառական կեսգիշերին եկավ փռատիրոջ մոտ և հարցրեց.
-Աշխարհի բազում քաղաքներում եմ եղել, բայց ոչ մի տեղ հացի գիշերային խանութ չեմ տեսել: Ինչ է, անեցիներն այդքան շա՞տ են քաղցում, որ գիշերներն էլ եք հաց թխում:
— Սխալվում ես, — պատասխանեց փռատերը, — Անին ամեն օր հազարից ավելի հյուր է ընդունում: Շատերը քաղաք են հասնում ուշ գիշերով:
— Բայց հազարից միայն մեկը կարող է հաց չունենալ իր հետ:
— Գագիկ թագավորի և նրա դշխոյի՝ Կատրանիդեի հրամանով իմ փուռը գիշերն է գործում հենց այդ մեկի համար: Մեր քաղաքում ոչ մի հյուր չպետք է քաղցած քնի: Այս կուղպակը հյուրընկալ Անիի արժանապատվության գիշերային պաշտպանն է:
Հայկ Նահապետի մասին
Մի անգամ մեր նախահայր Հայկ Աղեղնավորը հյուր է գնում իր հին զինվորի տուն: Շեմին նստած զինվորը սրում էր իր նիզակի սլաքը:
-Ողջո՜ւյն, զորակա’ն:
-Ողջո՜ւյն, նահապե’տ, բարի’ եկար:
-Է’հ, զորակա’ն, քեզ մոտ գալը տխրեցրեց ինձ, — ասում է Հայկը:
-Ինչո՞ւ, տե’ր նահապետ, — զարմանում է զորականը:
-Որովհետև անցա տատասկների մեջ կորած քո արտի մոտով, իսկ դու մանգաղի փոխարեն նստել ու նիզակդ ես սրում:
-Բայց դու ինքդ ես ասում, որ զորականը պետք է իր նիզակը միշտ սրած պահի, աղեղը՝ լարած:
Հայկ Աղեղնավորը պատասխանում է.
-Երբ կռիվ ու Բել չկա, զորականը հնձվոր է: Մենք բռնակալին հաղթել ենք, որպեսզի մեր խաղաղ երկնքի տակ հող հերկենք ու հաց արարենք: Հողը խոպան թողնելը շինականի պարտությունն է: Դու հիմա շինական ես, ոչ թե զորական:
Մի օր հեթանոս աստվածների հայր Արամազդը կանչում է իր ատենադպիր Տիրին ու ասում.
-Գնա’ մատյանդ բեր:
Այդ մատյանում Տիրը (նա հին հայերի գիտության ու դպրության աստվածն էր) գրի էր առնում մարդկանց մասին ամեն բան:
Արամազդը թերթում է մատյանը:
-Այս ի՞նչ ես գրել, Տի’ր, — ասում է գերագույն աստվածը, — Արա անունով այս մարդն իրո՞ք չի հոգնում աշխատանքից:
— Դա ճշմարտություն է, հայրդ աստվածների, — պատասխանում է Տիրը:
— Հիմա կտեսնենք, թե դա ինչպես է լինում, որ նա աշխատանքից չի հոգնում:
Աստվածահայրը ցերեկը կարճացնում է, գիշերը՝ երկարացնում:
Արա հողագործը շատ է զարմանում, որ լույսն ուշ է բացվում: Իր ժամին ստիպված հագնվում է և սկսում բանել:
-Լսի’ր ատենադպի’ր, — ասում է Տիրին Արամազդը, — քո մատյանում Արայի անվան դիմաց ավելացրո’ւ, որ մարդն իր աշխատասիրությամբ կարող է հաղթել աստվածներին: